Իմ շաբաթը

Օր առաջին
Այսօր արթնացա մոտ  10:25-ի սահմաններում: Մոտ հինգ րոպե նստեցի մահճակալիս: Մտածելը ոչ մեկին չի վնասում: Հետո առօրյա գործերս անելուց հետո, ինձ նախաճաշ պատրաստեցի: Դե քրոջս և մայրիկիս համար նույնպես: Նախաճաշելուց հետո, սոց. ցանցերս ստուգեցի: Ստուգեցի այսօրվա լուրերը՝ իրավիճակի մասին: Անցնենք դասերին: Առցանց, կարանտինի մեջ գտնվելով՝ ինձ զգում եմ հեռավար սովորող, որը միակն է, որ դպրոց չի հաճախում: Մի օրվա աշխատանքս համարյա ավարտեցի, իհարկե, քիչ է, բայց կարծում եմ այսօրվա համար բավական է: Քանի որ դուրս չենք գալիս տանից, այդ պատճառով մեզ պետք է մաշկի խնամք, թեկուզ և տանը: Իմ մաշկին փափկեցնող քսուկներ քսելուց հետո, ես  ընտրում մի ֆիլմ, և օրվա լարվածությունը հանգստացնում ֆիլմի դիտումով: Երբեմն էլ ֆիլմի փոխարեն գիրք եմ կարդում, կամ մուլտֆիլմ եմ դիտում: Այնուհետև, վերջում նորից ստուգում եմ սոց. ցանցերս, ստուգում ամփոփիչ օրվա լուրերը և պառկում եմ քնելու: Պարզվեց, որ մարտի տասնվեցից մինչև ապրիլի տասնվեցը հայտարարել են ԱՐՏԱԿԱՐԳ դրություն. ևս մեկ ամիս տանը:

Օր երկրորդ
Այսօր արթնացա մոտ 10:00-ի սահմաններում: Առօրյա գործերս արեցի: Քույրս և մայրիկս ինչ-որ տեղ էին գնում, նրանց ճանապարհեցի: Նախաճաշեցի: Ստուգեցի սոց. ցանցերս: Պարզեցի այսօրվա լուրերը: Իմացա տվյալ պահին տիրող իրավիճակը: Որոշեցի անցնեմ դասերիս: Այսօր նույնպես շատ մեծ չափով դաս չուղարկեցի, բայց իմ աշխատանքից գոհ եմ: Տպավորվեց ռուսերենի երկրորդ առաջադրանքը: Այն վերաբերվում էր Սալվադոր Դալիին և Պաբլո Պիկասոին: Նրանց երկուսի մասին լսել էի և նրանց հայտնի նկարներն էլ՝ Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը»,  Պաբլո Պիկասոյի «Լացող կինը», գիտեի: Նրանց մյուս նկարներն էլ տեսա, կարդացի նրանց ստեղծման մասին, գրեցի, և ուղարկեցի: Այդ ընթացքում մայրս ու քույրս եկան: Լվացվեցին, սպիրտով ախտահանեցին ձեռքերը, փոխվեցին: Միասին ճաշեցինք: Մի փոքր զրուցեցինք: Քիչ անց մուտք գործելով սոց. ցանցերից մեկը, շատ նամակներ ստացա, որտեղ ընկերներս իրենց փոքր ժամանակվա նկարներն էին տեղադրում սոց. կայքում՝ նշելով, որ ընդունում են ինչ- որ մարտահրավեր և նետում մի քանիսին: Երևում է նոր ինտերնետի փորձություն է, որը ակտուալ է: Ես ընդունեցի ընկերներիս մարտահրավերները: Բայց դե չեմ ասի, որ այդքան  շատ էի ուզում: Այսօր կուզեմ գիրք կարդալ և ամփոփել օրս, թուլացնեմ այսօրվա ընթացքում լարված աչքերս:
Օր երրորդ
Այսօր ես արթնացա բավականին ուշ՝ մոտ 15:30: Երբ արթնանում ես ցերեկվա ժամերին, կարծես օրդ խլած լինեն քեզնից: Օրը մռայլ էր: Կասկածներ կար, որ այսօր անձրև կգա: Արթնացա և, ինչպես միշտ, առօրյա գործերս արեցի: Նախաճաշ պատրաստեցինք: Նախաճաշեցինք: Ինչպես ամեն օր, այդպես էլ այսօր դասերիս անցա: Տպավորված դաս չունեի: Այս ընթացքում մայրիկս ճաշը պատրաստեց: Ճաշեցինք: Այս ամենից հետո լրիվ մոռացել էի սոց. կայքերս ստուգել, լուրերն իմանալ: Լավ, երեկոյան կստուգեմ: Շարունակեցի դասերս անելը: Անգլերենի ֆլեշմոբն է այսօր: Անգլերենի ֆլեշմոբին մասնակցեցի: Ֆլեշմոբի վերջում շարադրություն պիտք է գրեինք, թե ինչ կանեինք, եթե համացանց չունենայինք: Նաև այսօր շատ  նյութեր՝ ստուգված ուսուցիչներիս կողմից, հետ ստացա, դրեցի բլոգումս: Այսօրվա աշխատանքիցս գոհ եմ: Բայց ոչ լիովին: Արդեն երեկո է: Հիմա սոց. ցանցերս կստուգեմ և եթե ժամանանակ ունենամ նաև կկարդամ գիրքս:
Օր չորրորդ
Այսօր, ինչպես երեկ, արթնացա ցերեկը: Ինձ համար դա այնքան էլ ուրախ նորություն չէ: Բայց այս օրերին կամ պիտի երկար քնես կամ քեզ համար այնպիսի զբաղմունք գտնես, որպեսզի տանից դուրս չգաս, կամ գոնե քչացնես տանից դուրս գալդ: Դե ինչպես ամեն օր, առօրյա գործերս անելուց հետո, նախաճաշում եմ, սկսում եմ դասերս անելը: Այսօր քիչ թե շատ դաս արեցի: Ընթացքում քրոջս հետ էի զրուցում: Նաև մի քանի դաս ավարտելուց հետո, միասին ճաշեցինք: Ճաշի ընթացքում զրուցեցինք այն մասին, թե ապագայում ինտերնետը ինչ դեր կխաղա, ինչպես կլինեն մարդիկ, մարդկանց և բնության հարաբերությունները, դպրոցները, աշխատանքը և այլն: Հետո շարունակեցի դասերս պատրաստելը: Լուրերը ռադիոյով մայրիկս լսեց, և պարզվեց, որ կորոնավիրուսով վարակվածներն արդեն հարյուր քսաներկու հոգի են: Արդեն երեկո է, ես դասերս ավարտեցի: Քիչ հետո մտածում եմ գիրքս կարդալ:
Օր հինգերորդ
Այսօր արթնացա մի յուրահատուկ երազից հետո: Այնքան հաճելի էր ինձ թվացել երազս: Երբ պատմեցի քրոջս, նա ասաց իբրև իմ երևակայությունը նոր է արթնացել: Բայց ես կարծում եմ, որ ես միշտ էլ ունեցել եմ երևակայություն, միայն թե նա երբեմն քնած է: Ծիծաղալի է հնչում, չէ՞:  Բոլորս միասին նախաճաշեցինք: Այնուհետև, երբ ուզում էի նստել համակարգչի առջև, որպեսզի դաս անեի, քույրս շտապեց ինձ տեղեկացնել, որ նա մի բլոգային աշխատանք ունի, և համակարգիչը նրան պետք է: Դե ինչ, այդ ընթացքում ես սոց. ցանցերս կսուգեմ, մի փոքր կլիցքաթափվեմ ծիծաղելի հոլովակներ դիտելով: Երեկ գիշերվանից մի փոքր անհանգստացած էի: Ասել պատճառը չեմ պատրաստվում:  Ինչևէ: Սոց. ցանցերիցս հետո դասերիս ժամանակն եկավ: Բայց մինչ այդ ճաշեցինք: Դասերս արեցի: Ընթացքում մի փոքր շեղվում էի յութուբյան տարբեր հոլովակներ նայելով, սակայն ինձ կառավարում էի: Արդեն երեկո է: Շուտով դասերիս վրա վերջին լրացումներն արեցի: Այսօր մի այլ կերպ ոգևորված եմ երազովս: Քիչ անց գիրքս կկարդամ և կպատրաստվեմ քնելուն:
Օր վեցերորդ
Արդեն երեք օր իրար հետևից երզազումս դասընկերներիս եմ տեսնում: Չգիտեմ ինչու: Դե լավ: Այսօր արթնացա ինչպես վերջին օրերը: Բայց ես վստահ եմ՝ սա կանցնի ,երբ արտակարգ իրավիճակը ավարտվի: Կարծում եմ՝ օրերս գրում եմ ինչպես փոքր աղջնակը: Դե լավ: Այսօր մեր կատվին` Գուչիին, որի մասին իմ ամառային պատման մեջ էի գրել, բաց ենք թողելու: Այդ որոշմանը ամենաշատը համաձայն էր մայրս: Բայց մենք էլ այնքան էլ դեմ չէինք, ի տարբերություն Պիսոկի: Ի դեպ, նրա մասին բլոգումս նույնպես պատմել եմ, բայց չեմ հիշում երբ: Մի խոսքով: Անցնում եմ այս շաբաթվա վերջին դասերին: Հուսով եմ այսօր կավարտեմ: Արդեն երեկո է, Գուչին ամբողջ օրը քրոջս գրկում էր, կարծես զգում էր… Բայց, ավա՜ղ, մենք նրան բաց չթողեցինք: Դրսում դեռ ցուրտ է, և մենք նրան խղճացինք:
Օր յոթերորդ
Այսօր արթնացա մի խառնաշփոթ երազից: Արթնացա և առօրյա գործերիս անցա: Քիչ հետո նախաճաշեցի: Սոց. կայքերիս մեջ էի: Դե այնքան էլ լավ միտք չէր, բայց դե: Այնքան արագ անցավ ժամանակը, չնկատեցի: Մի քանի գիրք էի փնտրում մոտ օրերս կարդալու համար: Շուտով անցանք ճաշին: Այսօր ուշ երեկոյան պլանավորում եմ ֆիզկուլտուրայիս ուսուցչի կողմից հանձնարարված գիրքն ընթերցել: Հույս ունեմ, ժամանակ կգտնեմ, այդ հանձնարարությունն անելու:
Հեղինակ՝ Ասյա Բանդուրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով