Գիրքը փոխում է մարդուն

Երբ փոքր էի և ինձ հանձնարարում էին հեքիաթ կամ պատմվածք կարդալ, ես չէի էլ ուզում ,,գիրք,, բառը լսել, ծուլորեն ընտրում էի ամենակարճ հեքիաթը և ստիպված կարդում։ Զարմանում էի, երբ ինձ ասում էին, որ գիրքը գիտելիքի աղբյուր է, գիրք կարդալով՝ խոսքդ կգեղեցկանա․․․ Առաջին գիրքը, որը ամբողջովին և մեծ ուշադրությամբ եմ կարդացել “ԲԱԼԶԱԿ․ ՄԻ ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ” վիպակն էր։ Գիրքը մայրիկս գնել էր ինձ համար “Գրքի տոնի” օրը։ Այդ օրը միասին գնացել էինք գրքեր ընտրելու , բայց կարծում եմ, ոչ թե ես գիրքը ընտրեցի, այլ գիրքը ինձ․․․
Չեմ կարող ասել ինչպես, բայց այդ օրվանից հաստափոր գրքերը ինձ հետաքրքրեցին, այլևս չէի փնտրում քիչ էջերով գրքեր։

Արդեն վեցերորդ դասարանում, երբ լսեցի, որ ամեն ուրբաթ դասերը ընթերցարանում ենք անցկացնելու, շա՜տ ուրախացա։

Իսկապես սիրում եմ գրադարանում շրջե՜լ, շրջե՜լ և ուսումնասիրել գրքերը։ Գրադարանում ես գրքերի հոգում եմ բնակվում և ավելի հետաքրքրությամբ եմ կարդում, քան տանը։ Բառերով չեմ կարողանում բնութագրել այդ զգացմունքը, բայց գիրքը կարդալու ընթացքում և գրադարանում գտնվելով ես զգում եմ գրքերին, որն ինձ ուղղորդում է դեպի հեռու մի տեղ, բայց դեռ չեմ հասկանում որտեղ։ Երևի այդ հեռու ճանապարհը ինձ տանում է դեպի իմ միտքը, որը շատ է սիրում ստեղծագործել և երազում է ինքն ունենալ գրքերի շարք․․․

Այդ ճանապարհով ուղղորդվելով ես կհասնե՞մ իմ նպատակին և կբացե՞մ գրքերի ուղղու դուռը․․.

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով