Վստահություն

Վստահությունը մարդկային ցանկացած հարաբերությունների ստեղծման հիմքերից է։ Առանց վստահության չի կարող լինել ամուր ընկերություն, սեր, երջանիկ ընտանքի և այլն։

Ինձ համար վստահել նշանակում է, որ դու կարող ես 100% մարդու հետ կիսվել քո խնդիրներով և գաղտնիքներով, առանց վախենալու, որ նա կպատմի ինչ-որ մեկին կամ կքննադատի քեզ։ Ավելին ասեմ, համարյա միշտ, երբ դու մարդուն վստահում ես, դու նաև վստահ ես, որ նա քեզ կաջակցի և կօգնի քո խնդիրները լուծել։ Անձի ազնվությունը մեծապես օգնում է վստահության ձևավորմանը: Մենք հակված ենք վստահել բաց և պարզամիտ մարդկանց, մինչդեռ հանելուկային, խորհրդավոր անհատականությունները և խորամանկ մարդիկ մեզ կասկածամիտ են դարձնում:

Եթե մարդը ժամանակին գալիս է հանդիպման, կատարում է պարտականությունները ժամանակին, կրճատ ասած նա պարտաճանաչ է, մենք մեխանիկորեն նրան սկսում ենք վստահել։

Եթե մենք վստահում ենք մարդուն, մենք հավատում ենք նրա ցանկացած բառին և համոզված ենք, որ նա խոսում է միայն ճիշտը։ Եթե մի քիչ կասկածություն է մտնում մեր մեջ նրա բառերի վերաբերյալ, այդ վստահությունը արդեն սկսում է տատանվել և շատ կասկածում եմ, որ այն հետ կգա։

Կան մարդիկ, որոնք ի ծնե շատ քիչ մարդկանց են հավատում։ Նրանց կյանքը դժվար է, իմ կարծիքով, քանի որ նրանք իրենց խնդիրներով չեն կարող կիսվել մարդկանց հետ, և այդ ամենը պահում են իրենց մեջ։ Մանավանդ եթե անցյալում նրանց խաբել են։ Ինձ, ցավոք, նույնպես խաբել են մոտիկ մարդիկ, բայց դա պատճառ չէ կյանքից հիասթափվել։ Երևի մանկամիտ կթվամ կամ միամիտ, բայց ես հավատում եմ, որ կան բարի մարդիկ, որ կան ՈՉ էգոիստ մարդիկ (ինչքան էլ իմ ընկերուհիները ասում են, որ բոլոր մարդիկ սրտի խորքում էգոիստ են), նրանց հետ կարելի է կիսվել, կարելի է կատակել, կարելի է լավ ժամանակ անցկացնել առանց վախենալու, որ այդ ամենը ձեր հարաբերություններից դուրս կգա։

Հեղինակ՝ Ալիսա Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով